«Կարողանում է ճիշտ հագնվել, չափի մեջ բաց է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Արայիկ Գաբաջյանի

«Տղամարդու հայացքով» շարքի շրջանակում Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի 3 ամենաոճային կանանց` ըստ տղամարդկանց։ Այս անգամ մեր զրուցակիցը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է, որը մասնագիտական աչքով է ընտրել իր եռյակին։

 

Արտաքին տվյալներն Արայիկի համար այնքան կարևոր չեն, որքան շարժուձևն ու ներքին զգացողությունը։ Նա նշեց, որ աղջիկներին առանձնացրել է ներկայանալիության սկզբունքով։ «Հաշվի եմ առել, որ, օրինակ, ճանապարհ գնալիս իրենք հագնվում են այնպես, ինչպես իրենց հարմար է, ոչ թե ապացուցելու համար, որ միշտ պատրաստ են։ «Միշտ պատրաստ» կարելի է լինել նաև հարմարավետության մեջ»,– նկատեց նա։

 

Առաջին և երկրորդ տեղերի համար Արայիկը հեշտությամբ ընտրեց թեկնածուներին։ Երրորդ տեղի համար մի փոքր մտածեց։ Թեկնածուին ընտրելիս ոճաբանը նշեց, որ Իվետա Մուկուչյանն էլ է ոճային, սակայն  ոչ միշտ է գրագետ հագնվում։ «Նա անընդհատ փորձում է ցույց տալ գեղեցիկ ոտքերը, ինչը միշտ ու ամեն տեղ չէ, որ հաճելի է և ցանկալի։ Եթե համարձակությունն արդարացված է բեմում, ես միայն կողմ եմ, բայց պետք չէ գնալ զինվորների համար համերգ տալու ու ոտքերը բացել մինչև վերջ։ Ոճային գույնը կարելի է պահել, բայց այդ ամենը շատ նուրբ մոտեցում է պահանջում։ Միգուցե հանդիսատեսին դուր է գալիս, որովհետև հայ հանդիսատեսը շատ հակասական է, սակայն ես` որպես ոճաբան, կարծում եմ այդ ամենը պետք է վերանայել»,– ասաց Արայիկը։

 

 

Երրորդ տեղում Լուսինե Թովմասյանն է։ Երեկույթներին ներկայանալիս նրա հագուկապը գեղեցիկ է։ Իրեն մի փոքր վերապահումով նշեցի, քանի որ չգիտեմ` առօրյայում ինչպես է հագնվում։ Շատ չեմ հանդիպել։

 

 

Երկրորդ տեղում Նազենի Հովհաննիսյանն է, քանի որ սկզբունքով է հագնվում։ Եթե երեկույթի է գնում, համապատասխան հագուստ է ընտրում։ Եթե ձևաչափը թույլ է տալիս, չափի մեջ բաց է, թափանցիկ։ Նորաոճ լինելը նաև ճիշտ հագնվելու մեջ է։ Իր մոտ ամեն ինչ շատ ճիշտ մտածված է միքսված։ Ես չգիտեմ` դա ներքին զգացողությա՞ն, թե՞ ժամանակի ընթացքում տեսնելու, սովորելու արդյունք է, համենայն դեպս, շատ ճիշտ է ներկայանում։

 

 

Առաջին տեղում ինձ համար Սիրուշոն է։  Դա պայմանավորված է իր ճիշտ, զուսպ, ամեն տեղ իր համապատասխան ձևով հագնվելու փաստով։ Ըստ դրա` նա ինձ համար ավելի ոճային է։

 

 

Աղբյուր՝ Tert.am Life