Բելգիական դիետաներ՝ մարմնի կազմվածքի յուրաքանչյուր տիպի համար. ինչպես 3 օրում ազատվել 3 կգ ավելորդ քաշից

Բելգիացի գիտնականները մշակել են մի յուրահատուկ սննդակարգ՝ նախատեսված տարբեր կառուցվածքների տեր կանանց համար: Գիտնականները նշում են, որ որևէ համի հանդեպ սերը ձևավորվում է հորմոնալ ֆոնի ազդեցության տակ, ուստի ճիշտ ընտրված սննդակարգը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից և կարգավորել հորմոնային ֆոնը:

 

Մասնագետները կանանց կառուցվածքները բաժանել են երեք խմբի: Առաջին տիպի կազմվածքը Վեներան է: Այս կառուցվածքով կանայք ունեն կանացի «անտիկ» մարմին: Նրանք ունեն գայթակղիչ բարեմասնություններ, նուրբ մաշկ և ամենից շատ սիրում են կաթնամթերք: Նրանց մոտ առավել հաճախ է առաջանում ցելյուլիտ՝ հատկապես ազդրերին ու որովայնի կողային հատվածներում:

 

Երկրորդ տիպը Նիմփաներն են՝ «տղայական» կազմվածքով կանայք, որոնք բարձրահասակ չեն, ունեն նեղ ազդրեր, նուրբ կազմվածք, իսկ գոտկատեղն արտահայտված չէ: Նման կազմվածքով կանանց մոտ ճարպաշերտերը հաճախ կուտակվում են որովայնի հատվածում: Նրանք սիրում են բանջարեղեն, մրգեր ու ձուկ: Բացի այդ, համարվում է, որ ավելի շատ բուսակերներ հանդիպում են հենց Նիմփաների շրջանում:

 

Երրորդ տիպը Ամազոնուհիներն են՝ ցածահասակ ու ամրակազմ կանայք, որոնց մոտ հաճախ է ավելորդ քաշ կուտակվում և որոնք սիրում են մսամթերք ու դրանցով պատրաստված ուտեստներ:

 

 

Այս սննդակարգը նախատեսված է երեք օրվա համար, որոնց ընթացքում կարելի է ազատվել մինչև 3 կգ ավելորդ քաշից: Ցանկալի արդյունքին չհասնելու դեպքում դիետան կարելի է կրկնել ևս մի քանի անգամ:

 

Հարկ է հիշել, որ, անկախ կազմվածքի տեսակից, օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել առնվազն 1.5 լիտր չգազավորված ջուր և հետևել դիետոլոգների բոլոր ցուցումներին:

 

Սննդակարգ Վեներաների համար

 

Առաջին տիպի կազմվածքով կանանց համար բժիշկները մշակել են սննդակարգ, որում պետք է ներառված լինի հում սննդամթերք.

 

·         պանրի տարբեր տեսակներ,

 

·         թարմ բանջարեղեն,

 

·         թարմ բնական հյութեր,

 

·         թարմ ցածր կալորիականությամբ կաթնաշոռ,

 

·         բանջարեղենային արգանակներ ու ապուրներ,

 

·         թարմ, շոգեխաշած կամ խաշած բանջարեղենով պատրաստված ուտեստեր:

 

1-ին օր

 

Նախաճաշին՝ թարմ քամած հյութ (ցիտրուսային մրգերից) և 200 գրամ ցածր կալորիականությամբ կաթնաշոռ:

 

Ճաշին՝ «թեթև» բանջարեղենային աղցան, որը պատրաստելու համար հարկավոր է մեկական վարունգը, քաղցր պղպեղն ու սոխը կտրարտել, ավելացնել խաշած լոբի և համեմել կեֆիրով սոուսով (1/2 բաժակ կեֆիր, 3 ճ.գ. նարնջի կամ լայմի հյութ, մի քանի կաթիլ չիլիի սոուս):

 

Ընթրիքին՝ թարմ բանջարեղեն, տնական պանիր և թարմ քամած խնձորի հյութ:

 

2-րդ օր

 

Նախաճաշին՝ նարնջի թարմ հյութ, պանրով տոստ:

 

Ճաշին՝ 2 հատ տանձ և թարմ բանջարեղենով աղցան (լոլիկ, վարունգ, կանաչեղեն):

 

Ընթրիքին՝ շոգեխաշած ձուկ բանջարեղենով (նեխուրի ցողունը, գազարն ու սոխը 5 րոպե շոգեխաշել թավայի մեջ, ավելացնել յուղ, աղ ու պղպեղ և մատուցել ձկան հետ):

 

3-րդ օր

 

Նախաճաշին՝ ցիտրուսային մրգերով ֆրեշ և 200 գրամ ցածր կալորիականությամբ կաթնաշոռ:

 

Ճաշին՝ թունա ձկով, բողկով և խաշած հավկիթներով աղցան (կարելի է ավելացնել նաև սոխ):

 

Ընթրիքին՝ 150 գրամ տավարի միս և բանջարեղենի տեսականի (3 հատ պղպեղին, 5 հատ շամպինյոնին ու սոխին ավելացնել յուղ, 5 րոպե շոգեխաշել, այնուհետև համեմել պղպեղով և մատուցել):

 

Սննդակարգ Նիմփաների համար

 

Այս տիպի կառուցվածքով կանանց մոտ բժիշկները հաճախ էստրոգենի պակաս են հատնաբերում: Նրանց համար օգտակար սննդամթերքի շարքին են դասվում.

 

·         չորամրգերն ու ընկուզեղենը,

 

·         բանջարեղենը (հատկապես՝ եգիպտացորենը, լոլիկն ու պղպեղը),

 

·         բուլղարական պղպեղը,

 

·         բրինձը (ցանկալի է շագանակագույն):

 

1-ին օր

 

նախաճաշին՝ չորամրգերի տեսականի և մյուսլի անյուղ կաթով կամ յոգուրտով:

 

Ճաշին՝ բանջարեղենային ռագու (մանրացրած սոխն ու սխտորը յուղով տապակել, ավելացնել 100 գրամ խաշած լոբի, 2 գդալ բանջարեղենային արգանակ, 5-6 րոպե շոգեխաշել, այնուհետև ավելացնել նաև կտրատած լոլիկներն ու պղպեղը: Տոֆու պանիրը 2-3 րոպե յուղով տապակել և ավելացնել բանջարեղենին):

 

Ընթրիքին՝ 2 հատ բուլղարական պղպեղ՝ տապակած եգիպտացորենի կամ լոլիկների հետ և շոգեխաշած բրինձ (շագանակագույն):

 

2-րդ օր

 

Նախաճաշին՝ 150 գրամ մյուսլի և 150 գրամ սոյայի յոգուրտ:

 

Ճաշին՝ լոլիկով ու սոխով եգիպտացորեն՝ համեմված նարնջի հյութով ու ձիթայուղով սոուսով և 3 հատ հունական ընկույզով:

 

Ընթրիքին՝ շագանակագույն բրինձ (բրինձը 15 րոպե խաշել, առանձին թավայի մեջ խառնել տավարի աղացած միսը, 1 հատ պղպեղը, սխտորն ու յուղը, 5 րոպե շոգեխաշել և ավելացնել բրնձին):

 

3-րդ օր

 

Նախաճաշին՝ մրգերով մյուսլի և ½ բաժակ թարմ կաթ:

 

Ճաշին՝ քերիչով մանրացրած գազար ու դդմիկ՝ կանաչեղենով և նարնջի հյութով ու ձիթայուղով սոուսով: Կարելի է ուտել նաև 1-2 կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:

 

Ընթրիքին՝ լոլիկով ու ոսպով ապուր (3 հատ լոլիկի ձիթայուղով ու սոխի շերտերով 3-5 րոպե շոգեխաշել, ավելացնել 5 գդալ ոսպ և 2 բաժակ արգանակ, եփել 10 րոպե, այնուհետև համեմել աղով և մատուցել սեղանին):

 

Սննդակարգ Ամազոնուհիների համար

 

Ամազոնուհիները լինում են ամրակազմ կանայք, որոնց մոտ հաճախ հայտնաբերվում է տղամարդկանց հորմոնների ավելցուկ: Ամազոնուհիներին խորհուրդ են տրվում սննդամթերքի հետևյալ տեսակները.

 

·         հազարի թերթիկներ,

 

·         հնդկահավի կամ հավի փափկամիս,

 

·         ցորենի կոշտ տեսակներից պատրաստված սպագետի,

 

·         բանջարեղենային աղցան:

 

1-ին օր

 

Նախաճաշին՝ թարմ կանաչեղենով ու մրգերով աղցան:

 

Ճաշին՝ բանջարեղենային արգանակին ավելացնել կիտրոնի ու նարնջի հյութ, 1 ճ.գ. բալասանային քացախ, մանանեխ և 2 գդալ յուղ, լավ խառնել և ստացված սոուսը մատուցել սպագետիի հետ:

 

Ընթրիքին՝ 250 գրամ հնդկահավի շոգեխաշած փափկամիս և գազարով աղցան:

 

2-րդ օր

 

Նախաճաշին՝  մի բաժակ ջուր և 150 գրամ անյուղ կաթնաշոռ:

 

Ճաշին՝ գազարով, սոխով ու ճակնդեղով աղցան (քերիչով մանրացրած) և 2 հատ կիվի:

 

Ընթրիքին՝ 150 գրամ հավի փափկամիս, հավի արգանակ, սպիտակ բրինձ մանրացրած գազարով ու սխտորով:

 

3-րդ օր

 

Նախաճաշին՝ 200 գրամ անյուղ կաթնաշոռ և հազարի մի քանի թերթիկ:

 

Ճաշին՝ գազարով, ճակնդեղով ու պղպեղով աղցան, 100 գրամ հնդկահավի միս և թուրինջ:

 

Ընթրիքին՝ 2 լոլիկը և պղպեղը մանրացնել և 5 րոպե տապակել: Ավելացնել կես բաժակ բանջարեղենային արգանակ և շոգեխաշել ևս 5 րոպե: Ստացված սոուսը մատուցել 50 գրամ սպագետիի հետ:

Աղբյուր՝ Tert.am Medicine