Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է

Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:

Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:

Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:

— Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:

— Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:

— Պարտվելու մտավախություն չունեի՞ք:

— Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք… Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:

— Մրցասպարեզից դուրս ինչպիսի՞ն են հայ և թուրք մարզիկների հարաբերությունները: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր հաղթանակին:

— Մենամարտից հետո մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ես լավ սպորտսմեն եմ: Նույնիսկ իրար հետ նկարվեցինք:

— Հատուկ այս մենամարտի համար 15 կիլոգրամ նիհարեցիք: Պատրաստվո՞ւմ եք այդ կիլոգրամները լրացնել, վերադառնալ Ձեր քաշին:

— Արդեն մոտ 8-9 կիլոգրամ ավելացել եմ…

— Շատ հայերի կարծիքով Թուրքիա մեկնելը բավական ռիսկային որոշում է, վախի մթնոլորտ կա: Դուք 4 օր՝ հուլիսի 17-21-ը, Ստամբուլում եք անցկացրել, հե՞շտ էր այնտեղ գտնվելը:

— Ոչ, քանի որ իրենց կողմից ճնշում միշտ էլ կա: Դահլիճում հայեր չկային, միայն ես ու Հայկ Ղուկասյանն էինք: Իրենք սուլում էին, գոռում, բայց ես ոչ մի ուշադրություն չէի դարձնում: Քանի որ իրենց երկրում էինք, ուզում էին «կոտրեին», չստացվեց (ժպտում է, հեղ.)… Գիտեք, մեր հյուրանոցում միայն թուրքեր չէին, կողքի սենյակում ադրբեջանցիներ էին: Այնպես ստացվեց, որ հանդերձարանն էլ կիսում էինք նրանց հետ: Չարացած ու ագրեսիվ հայացքներ ունեին, նրանք ավելի վատ են տրամադրված, քան թուրքերը: Աշխատում էինք հնարավորինս քիչ չփվել, որ խնդիրներ չծագեին:

— Սարգիս, շատերը Ձեզ առաջնահերթ որպես դերասան են ճանաչում, դուք նրանց համար «Բանակումի» Արտյոմն եք: Սպորտով վաղո՞ւց եք զբաղվում:

— 12 տարեկանից պարապել եմ՝ մոտ 5 տարի բռնցքամարտ, հետո՝ քիք-բոքսինգ և այլն, բայց ընդհատումներով, անկանոն: Վերջերս զգացի, որ հետաքրքրված եմ մի մարզաձևով, որը կոչվում է Մարտեր առանց կանոնի: Գրեթե մեկ տարի է՝ խորապես զբաղվում եմ դրանով: Առաջին պրոֆեսիոնալ մենամարտս էլ տեղի ունեցավ Թուրքիայում՝ թուրքի հետ, որն ինձ համար չափազանց պատասխանատու ու կարևոր մեկնարկ էր: Առաջարկը միանգամից եմ ընդունել, առանց տատանվելու:

— Աշխարհում Մարտեր առանց կանոնների սպորտաձևը հնարավորություն է տալիս մեծ գումարներ աշխատել: Մեզ մոտ դա հնարավո՞ր է:

— Իհարկե, ինչո՞ւ ոչ, դա էլ մեր աշխատանքն է: Կազմակերպությունը բարձր հոնորարներով հրավիրում է, որ մասնակցենք: Բայց կոնկրետ ինձ առավել շատ սպորտն է հետաքրքրում, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Օրինակ, Թուրքիա մեկնելիս ոչ մի վայրկյան չեմ մտածել գումարի մասին: Միակ ցանկությունս այն էր, որ կարողանամ իմ ժողովրդին թեկուզ միայն հաղթանակով ուրախացնել:

— Սարգիս, ինչպե՞ս հայտնվեցիք «Բանակում»-ում:

— Հռուստացույցով լսեցի, որ 3-րդ եթերաշրջանի համար քասթինգ են հայտարարել: Որոշեցի ուժերս փորձել: Տարբեր մարզերից երիտասարդ շատ տղաներ էին եկել: Հետո զանգեցին ու տեղեկացրեցին, որ ինձ են ընտրել գլխավոր հերոսներից մեկին մարմնավորելու համար:

— Սկզբնական փուլում դժվարությունների չհանդիպեցի՞ք:

— Իհարկե հանդիպեցի, չէ՞ որ իմ առաջին դերն էր: Բայց կողքիս նկարահանվող դերասաններն ինձ շատ օգնեցին, հատկապես՝ Մինասին մարմնավորող Արտյոմ Կարապետյանը:

— Մինչ նկարահանվելը՝ հետևո՞ւմ էիք «Բանակում»-ին, ո՞ւմ կերպարն էինք հավանում:

— Այո, շատ էի հավանում սերիալը: Սկզբից նայել եմ, հետո ծառայության մեկնեցի… Բոլոր կերպարներն էլ լավ են, բայց շատ էի հավանում հենց Արտյոմի մարմնավորած Մինասին:

— Իսկ Ձեր մարմնավորած Արտյո՞մը որքանով էր նման Սարգիսին:

— (ժպտում է, հեղ.) իմ միջավայրում բոլորն էլ ասում են, որ ֆիլմում ու իրական կյանքում ես նույնն եմ:

— Այս սերիալի «զինվորները» բավական մեծ ճանաչում ձեռք բերեցին: Հետաքրքիր է՝ այս ճանաչումը Ձեզ ի՞նչ տվեց, կամ ինչո՞վ խանգարեց:

— Գիտեմ, որ իմ կերպարին ժողովուրդը շատ էր սիրում, ու այդ սերը տարածվում էր նաև ինձ վրա: Բարի, ուժեղ, արդար ու պաշտպանող կերպար էր: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում, անհասանելի դառնում: Ոնց կայի, այդպիսին էլ մնացի: Մինչև այսօր էլ մարդիկ դրսում մոտենում են, խոսում, նկարվում…

— Ծիծաղելի իրավիճակում հայտնվե՞լ եք:

— Նման դեպքեր շատ են եղել: Պատահել է, որ ճանաչելով մոտեցել են, բայց այնպես են խառնվել այդ պահին, որ ամաչելուց սկսել են անկապ բաներ խոսել (ծիծաղում է, հեղ.):

— Վստահ եմ՝ Արտյոմը դարձել է Ձեր երկրորդ անունը:

— Ճիշտ եք, նույնիսկ բարեկամներ ունեմ, ովքեր մոռանում ու ինձ Արտյոմ են ասում: Սովոր եմ այդ երևույթին ու չեմ նեղանում:

— «Բանակում»-ից հետո այլ առաջարկներ չստացա՞ք:

— Շատ առաջարկներ եմ ստացել, մինչև օրս էլ լինում են, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարող ընդունել: Հատկապես հիմա, որ զբաղվում եմ պրոֆեսիոնալ մենամարտերով, շուտով միանգամից 2-3 հանդիպում ունեմ: Ճիշտ է, ներկա պահին հանգստանում եմ, բայց մոտ 8-10 օրից մարզումներս կվերսկսեմ: Շատ ավելի լուրջ մենամարտեր են սպասվում Չինաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում, լավ պետք է պատրաստվեմ:

— Ծնունդով որտեղի՞ց եք:

— Երևանից: Ապրում եմ Էրեբունի մասիվում:

— Մարզիկները սիրո՞ւմ են հայտնվել վիճաբանությունների կենտրոնում, թե՞ խուսափում են՝ լավ իմանալով, որ իրենց բազկի հարվածը կարող է ճակատագրական դառնալ թե՛ իրենց, թե՛ դիմացինի համար:

— Ես բնույթով հանգիստ մարդ եմ, հնարավորինս խուսափում եմ կռիվներից: Մինչև այսօր ոչ մեկը կռիվներից լավ բան չի ստացել:

— Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին. քանի՞ երեխա եք, ամուսնացա՞ծ եք:

— Անկեղծ ասած՝ անձնականիս մասին շատ խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ ազատ տղա եմ (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է ընտանիքիս՝ երկու եղբայր ունեմ, ովքեր ևս սպորտով են զբաղվում: Ավագ եղբայրս թեքվանդոյիստ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ես ու եղբորս աղջիկը միմյանց շատ ենք կապված, շատ ենք սիրում իրար (ժպտում է, հեղ.): Կրտսեր եղբայրս ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում: Ես էլ տան միջնեկն եմ:

— Քույր չունե՞ք:

— Չէ, ու շատ լավ է, որ չունենք, որովհետև խեղճ աջիկը շատ էր «տանջվելու» 3 եղբայրների մշտական հսկողության տակ: Ավանդական հայկական ընտանիքներում այդպես է չէ՞ (ծիծաղում է, հեղ.):

— Աղջիկներն էկրաններից իրենց համար հերոսներ են ընտրում ու սիրահարվում նրանց: «Բանակում»-ի Արտյոմը շատերի ուշադրության կենտրոնում էր: Չե՞ն անհանգստացնում:

— Չեմ թաքցնի, նման երկրպագուհիներ էլ ունեմ (ծիծաղում է, հեղ.): Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր ամուսնանալու ժամանակը: Դեռ չեմ հանդիպել այդ միակին, բայց ի՞նչ իմանամ, գուցե հենց վաղն էլ հանդիպե՞մ:

— Ինչպիսի՞ն պետք է լինի Նա:

— Առաջին հերթին՝ լավ, խելացի ու հասկացող մարդ: Չեմ սիրում այն աղջիկներին, ովքեր սիրում են իրենց ցուցադրել, ձևացնել, թե իրենք ամենաուժեղն են, ամենաանկախը, ամենա ամենան: Ես հասարակ ու համեստ աղջիկներին են նախընտրում:

— Կյանքում ի՞նչ նախասիրություններ ունեք:

— Սիրում եմ հանգստանալ՝ դասական երաժշտություն լսելով: Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, լավ միջավայր եմ սիրում:

— Ովքե՞ր են Ձեր ընկերները: Ի դեպ, սերիալային ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

— Ընկերներ շատ ունեմ, նրանք և՛ դերասաններ են, և՛ սպորտսմեններ, և՛ պարզապես լավ մարդիկ: Բայց ամենամտերիմները 3-ն են, որոնց հետ իմ հիմնական ժամանակն եմ անցկացնում: Իսկ սերիալից բոլորի հետ էլ մտերմություն եմ արել. Արտյոմի (Մինաս), Գոռի (Վարուժ), Համոյի (Ռշտուն), Վահագնի (Համո), Էմիլի (Համբարձում)…

— Քանի որ այժմ ամառային հանգստի շրջանն է, ու դուք զրույցի ընթացքում նշեցիք, որ այս օրերին հանգստի մեջ եք, մեզ հետ կկիսվե՞ք՝ ինչպիսի՞ հանգստի սիրահար եք:

— Հայաստանից դուրս ապրող շատ ընկերներ ունեմ, ովքեր անընդհատ հրավիրում են, շատ են ցանկանում, որ իրենց մոտ լինեմ, արձակուրդային շրջանը միասին անցկացնենք: Սիրում եմ թե՛ դրսում հանգստանալ, թե՛ այստեղի ընկերներիս հետ որևէ տեղ մեկնել: Բայց նաև մենակ հանգստի սիրահար եմ, կարող եմ միայնակ որևէ տեղ մեկնել ու հանգիստս վայելել:

— Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

— Ես ևս շնորհակալ եմ: Միայն կասեմ՝ մարդիկ թող միմյանց հարգեն, արդար ու բարի լինեն: Մեր ազգը մի տեսակ նախանձ ազգ է դարձել, ամենակարևորն այն է, որ այդ նախանձն իրենց միջից դուրս գա, չուտի մեզ:

Աղբյուր՝ Aysor.am