Ինչով կարող է պայմանավորված լինել դաշտանի ուշացումը

Կանանց առողջությունը շատ բարդ է ու փխրուն: Այն անմիջապես արձագանքում է օրգանիզմում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության: Ընդ որում՝ այդ փոփոխությունները, այդ թվում նաև դաշտանային ցիկլի հետ կապված փոփոխությունները, պայմանավորված ենն լինում բազմաթիվ գործոններով:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք կարող են դառնալ դաշտանի ուշացման պատճառ:

 

Հղիությունը որպես դաշտանի բացակայության պատճառ

 

Վերարտադրողական տարիքի կանայք դաշտանի ուշացման դեպքում պետք է առաջին հերթին հերքեն կամ հաստատեն հղիությունը: Երբ բեղմնավորված ձվաբջիջը կպչում է արգանդի պատին, դաշտանը սկսում է բացակայել, քանի որ հակառակ դեպքում արյունը կպոկի ձվաբջիջն արգանդի պատից: Հղիության ու երեխային կրծքով կերակրելու ընթացքում դաշտանի բացակայությունը նորմալ երևույթ է, ուստի այս դեպքում անհանգստանալու կարիք չկա, սակայն մնացած այլ դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել և պարզել դաշտանային ցիկլի խանգարման պատճառը:

 

Հորմոնալ խանգարում

 

Դաշտանի ուշացման պատճառները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ խնդիրներ կապված էնդոկրին համակարգի հետ և խնդիրներ, որոնք առնչվում են գինեկոլոգիայի ոլորտին: Սակայն միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ օրգանիզմի բոլոր համակարգերը կապված են, ուստի ցանկացած խնդիր միշտ ուղեկցվում է մի շարք տհաճ հետևանքներով:

 

Առաջին դեպքում խնդիրները կապված են հորմոնների հետ, ինչը նշանակում է, որ խանգարվել է հորմոններ արտադրող օրգանների աշխատանքը: Նույնիսկ առողջ ձվարաններն ու արգանդը չեն կարողանա կատարել իրենց գործառույթները, եթե խանգարվել է դաշտանային ցիկլը կարգավորող այդ կարևոր համակարգի աշխատանքը:

 

Հարկ է հիշել, որ հորմոնալ դիսբալանսը կարող է պայմանավորված լինել մի շարք բացասական գործոններով, որոնք համարվում են դաշտանի ուշացման պատճառ: Դրանց շարքին են դասվում.

 

·        քաղցած մնալը,

 

·        սթրեսները,

 

·        թունավորումը,

 

·        ծխելը,

 

·        վիրուսային վարակները,

 

·        հղիության արհեստական ընդհատումները,

 

·        վիրահատական միջամտությունները,

 

·        վնասվածքները:

 

Հորմոնների արտադրման խանգարումը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ դաշտանի երկարատև բացակայության (6 ամսից ավել) պատճառ: Ընդ որում՝ այս դեպքում կտուժեն ոչ միայն ձվարաններն ու արգանդը, այլև հորմոնների արտադրման համար պատասխանատու և անբարենպաստ պայմաններից, վարակներից կամ վնասակար սովորություններից տուժող գեղձերը: Դաշտանի ուշացման դեմ պրոֆիլակտիկ միջոց կարող է լինել նույնիսկ ծխախոտից հրաժերվելը, անցանկալի հղիությունից ճիշտ պաշտպանվելը և առողջության մասին հոգ տանելը:

 

Այնուամենայնիվ՝ դաշտանի ուշացման դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրը և նշանակել անհրաժեշտ բուժումը:

 

Գինեկոլոգիական խնդիրներ

 

Գինեկոլոգիական խնդիրները պայմանավորված են կանանց օրգանների ախտաբանություններով ու հիվանդություններով: Դաշտանի ուշացման պատճառները կարող են դրսևորվել դեռ վաղ տարիքում: Հարկ է հիշել, որ մինչև 16 տարեկան աղջկա մոտ դաշտանի բացակայությունն ու դեռահասության շրջանում խանգարումների ի հայտ գալն արդեն իսկ լուրջ պատճառ է շտապ բուժզննում անցնելու և մասնագետի հետ խորհրդակցելու համար:

 

Սակայն խնդիրներն ու ախտաբանությունները ոչ միշտ է հաջողվում անմիջապես հայտնաբերել, քանի որ դրանցից որոշներն ակտիվանում են միայն բացասական գործոնների ազդեցության տակ: Այս դեպքում կինը պետք է չափազանց զգոն լինի, քանի որ դաշտանային ցիկլի յուրաքանչյուր փոփոխություն (օրինակ՝ դաշտանի ինտենսիվության կամ տևողության նվազում) կարող է լինել առողջական լուրջ խնդիրների ախտանշան:

 

Հղիության բացակայության դեպքում դաշտանի ուշացումը լուրջ ազդանշան է կնոջ համար, քանի որ դա կարող է խոսել ձվազատման բացակայության մասին: Սա նշանակում է, որ կինը չի կարող հղիանալ:

 

Ինչ վտանգ է ներկայացնում դաշտանի ուշացումը

 

Ձվազատման բացակայությունն, իր հերթին, ենթադրում է խնդիրներ՝ կապված հորմոնների արտադրման հետ, իսկ սա անկասկած նորմալ չէ, ուստի հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել: Որքան շուտ կինը բուժզննում անցնի և սկսի բուժումը, այնքան մեծ է ցիկլը կարգավորելու և հաջողությամբ բուժվելու հավանականությունը: Հակառակ դեպքում հետևանքները կարող են շատ տհաճ լինել:

 

Մասնագետը նշանակում է անհրաժեշտ բուժման թերապիան՝ հաշվի առնելով խնդրի առաջացման պատճառը: Պետք չէ վախենալ հորմոնալ դեղամիջոցներից: Օրգանիզմում հորմոնների պակասից կամ ավելցուկից տառապող կանանց մոտ կարող են ի հայտ գալ բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև հիրսուտիզմ (մազակալում), ճաղատացում (տղամարդկանց ճաղատացման նման), դաշտանայն ցիկլի խանգարումներ, անպտղություն և այլն:

 

Այս խնդրից հնարավոր չէ ազատվել ժողովրդական միջոցներով, ուստի կանանց առողջության վերականգնման ու պահպանման համար ամենաարդյունավետ ու անվտանգ միջոցը հորմոնալ թերապիան է, եթե իհարկե հակացուցումներ չկան:

 

Հարկ է հիշել, որ դաշտանային ցիկլի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում պետք չէ փորձել գուշակել դրա պատճառն ու ինքնաբուժությամբ զբաղվելիբ: Առաջին հերթին հարկավոր է հղիության թեստ անել և խորհրդակցել մասնագետի հետ: Հիվանդությունը ժամանակին ախտորոշելն ու բուժելը կօգնի պահպանել ոչ միայն կնոջ, այլև նրա ապագա երեխաների առողջությունը:

 

Աղբյուր՝ Tert.am Medicine