ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Լոռիում 23-ամյա երիտասարդը բռնաբարել է բարեկամուհուն, այդ ընթացքում խեղդամահ արել նրան, ապա այրել դիակը

Լոռիում 23-ամյա երիտասարդը բռնաբարել է բարեկամուհուն, այդ ընթացքում խեղդամահ արել նրան, ապա այրել դիակը

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 23-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել բռնաբարությամբ զուգորդված սպանության կատարման մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման։

Ինչում է մեղադրվել երիտասարդը

Քննիչի որոշմամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպանել է տուժողին, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ։

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը՝ ժամը 02-ի սահմաններում, ամբաստանյալը ոգելից խմիչք օգտագործած վիճակում սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է շիզոֆրենիայով տառապող իր ազգականի տուն, որտեղ նրան առաջարկել, ապա՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։ Մերժում ստանալով, ինչպես նաև վրդովվելով Ոստիկանության մարմիններին դիմելու վերջինիս դիրքորոշումից, ամբաստանյալը սեռական ցանկությունն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ նախ՝ ապտակել, որից հետո՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերը, սրբիչի գործադրմամբ փակել շնչուղիները ու տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի ընթացքում խեղդամահ է արել նրան։ Դրանից անմիջապես հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մասամբ այրել է դիակն ու անկողնային պարագաները։

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել

Ըստ դատական ակտի՝ տուժողի բռնաբարությամբ զուգորդված սպանելու համար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, թե քրեական գործի նախաքննության, և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Դատաքննության ընթացքում օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ չի ցանկանում ցուցմունք տալ, քանի որ նախաքննության ընթացքում ամեն ինչ պատմել է, ավելացնելու ոչինչ չունի:

Պատասխանելով առաջադրված հարցերին՝ ամբաստանյալը հայտնել է, որ ալկոհոլային հարբածության պատճառով չի հասկացել և չի գիտակցել իր գործողությունները, եթե հասկանար, այդպիսի բան չէր անի: Այն պահից, երբ հասկացել է, թե ինչ է արել, Ոստիկանության աշխատակիցներին խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը:

Ըստ դատական ակտի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալը խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է կնոջից, ում հետ եղել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների` միմյանց չհասկանալու պատճառով:

Տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է: Նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ և օգտագործում բժշկի կողմից նշանակված դեղեր: Քանի որ վերջինս միայնակ էր ապրում, ինքը նրա տուն գնում-գալիս էր և զբաղվում նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում երիտասարդը հայտնել է, որ դեպքի օրն իրենց հարևանի տանը փայտ ջարդելուց հետո նրա և համագյուղացիների հետ ոգելից խմիչք՝ օղի են օգտագործել: Նույն գիշերը` ժամը 01-02-ի սահմաններում, հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս՝ իր մոտ առաջացել է սեռական ցանկություն: Որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է, և նրա համաձայնության դեպքում՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Այդ նպատակով միայնակ գնացել է տուժողի տուն։ Հրելով տան դուռը՝ տեսել է, որ այն բաց է, և մտել է տուն: Տուժողն անկողնում պառկած է եղել: Նստելով նրա մահճակալին՝ հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն: Նա պատասխանել է, որ իրեն լավ է զգում, միայն չի հասկանում, թե այդ ժամին ինչու է գնացել իր տուն: Ինքն ասել է, որ անհանգստանալու բան չկա:

Այնուհետև սենյակում ծխախոտ է ծխել, ապա կրկին նստելով տուժողի անկողնուն՝ ձեռքը տարել է նրա ադյալի տակ և շոյել նրա հետույքը: Տուժողը, մի կողմ քաշվելով, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, որից ինքը զայրացել է և աջ ձեռքով մեկ անգամ ապտակել է նրան, որից հետո տուժողը սկսել է գոռգոռալ: Ինքն իմանալով, թե նրա տանը ինչը որտեղ է դրված՝ մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավեն, այն բացելով՝ մոտեցել տուժողին և իր ձախ ձեռքով սեղմելով նրա ձեռքերը, կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, որպեսզի չգոռա, նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող կապույտ գույնի ծաղկավոր խալաթով կապել է նրա ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է, և այդպես պահելով 5 րոպե՝ տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որն ավարտելուց հետո պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։ Վառել է նաև հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Այնուհետև գնացել է իրենց տուն, որտեղ մի քիչ մնալուց հետո անհանգստացել է, որոշել է դուրս գալ և տեսնել, թե ինչ եղավ: Գնալով տուժողի տան մոտ՝ տեսել է, որ տան լույսը վառվում է, և լույսի մեջ երևում է, որ տունը լցված է ծխով: Որպեսզի իր վրա ոչ ոք չկասկածի, զանգահարել է իր եղբորը, ապա օգնության կանչել նաև ընկերոջը՝ նրանց ասելով, որ պատահական է նկատել, որ վառվում է տուժողի բնակարանը: Նրանց օգնությամբ սկսել են մարել հրդեհը և զանգահարել են նաև Հրշեջ-փրկարարական ծառայություն: Երբ ոստիկանները գնացել են դեպքի վայր, ինքը նրանց խոստովանել է, որ ինքն է սպանել տուժողին և հրկիզել բնակարանը: Զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ՝ այդ արարքները չէր կատարի:

 Աղբյուր՝ 168.am