Լոռիում 14-ամյա աղջկա են բռնաբարել. վերջինս հղի է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ 2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ 31-32 շաբաթական հղիությամբ կենտրոն հետազոտության է դիմել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 2004 թվականին։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասը դարձել է սեռական բռնության զոհ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Անչափահասը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով պարզվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Նկատի ունենալով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Խնդրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ անչափահասի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ մնալ վարույթի մասնակիցների՝ տուժողի և կասկածյալի նույնականացնող տվյալները, բնակության վայրի մասին տեղեկությունները հրապարակելուց»,- նշված է ՔԿ հայտարարության մեջ։