Քիչ առաջ Երևանում «յաշիկի» վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը տեղում մահացել է. «յաշիկի» մեջ հայտնաբերվել է…

Shamshyan.com-ը հայտնում է՝

Այսօր՝ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ով միջին տարիքի կին էր:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Աղբյուր՝ Shamshyan.com