Ողբերգական դեպքեր «Պապլավոկ» հյուրանոցում. լոգանք ընդունելիս կինն ու տղամարդը հոսանքահարվել են ու մահացել

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գործող «Պապլավոկ» հյուրանոցային համալիրում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում հաշվառված «Տալվորիկ» ԱԿ-ի կին նախագահին։ Ըստ մեղադրանքի՝ ԱԿ-ի կանոնադրության 7,6 կետի համաձայն` նա, կրելով դրա ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնելու պարտականություն, միաժամանակ որպես սպառող՝ պատասխանատվություն կրելով նաև ԱԿ կազմում` Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գործող «Պապլավոկ» հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար, մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որոնք անզգուշությամբ առաջացրել են 2 անձանց մահ:

Ըստ մեղադրանքի՝ 2016թ. մայիսի 30-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որպես հաճախորդ, «Պապլավոկ» հյուրանոցային համալիր է այցելել Արմավիր քաղաքի բնակիչը և համալիրի 1-ին տնակում գտնվելու ժամանակ սկսել է լոգանք ընդունել, որի ընթացքում ցնցուղից ջուր հոսելու ժամանակ ջրատաքացուցչի էլեկտրական սնուցման վարդակի և երկժանու խրոցակի բացակայությունը, հաղորդալարերի ոչ բավարար մեկուսացումը, ոչ ճիշտ մոնտաժը և անցկացման ձևերը հանգեցրել են նրա մարմնով հոսանքի անցման, ինչն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:

2016թ. հունիսի 08-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, որպես հաճախորդ, «Պապլավոկ» հյուրանոցային համալիր է այցելել Մեծամոր քաղաքի բնակչուհին և համալիրի 1-ին տնակում գտնվելու ժամանակ սկսել է լոգանք ընդունել, որի ընթացքում միևնույն ջրատաքացուցչի էլեկտրական սնուցման վարդակի և երկժանու խրոցակի բացակայությունը, հաղորդալարերի ոչ բավարար մեկուսացումը, ոչ ճիշտ մոնտաժը և անցկացման ձևերը հանգեցրել են վերջինիս մարմնով հոսանքի անցնելուն, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։