ՀՐԱՏԱՊ. Պարզվել է պատանդառուի կատարած քայլի բուն պատճառը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբեւէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին: Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին: Եւ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել կնոջը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, եւ այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տանից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, եւ մի երեխայի:

Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային եւ զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երեւացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասազերծման ժամանակ պատանդառուն ինքնավնասում է արել. սրտի եւ մատերի շրջանում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ հիվանդանոց է գնացել նաեւ պատանդառուի «կորած» կինը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 218 հոդվածի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ երեխային պատանդ պահելը» :

 

 

Աղբյուր