Գոհար Հարությունյանը` «Միսս Արմենիա»-ի հաղթողից թագը հետ վերցնելու և Լիլիի արձագանքի մասին

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանից գիշերը թագը հետ են վերցրել։ Մոտ  2 մլն դրամ արժողությամբ թագը հեղինակած ընկերությունը դժգոհ է մնացել, որ իրենց անունը չի հնչել որպես թագի հեղինակ, ինչպես ենթադրում էր պայմանավորվածությունը։ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը Tert.am Life–ին հայտնեց, որ փորձելու են վերադարձնել թագը։

 

«Հիմա գնում եմ բանակցության։ Էնպես չէ, որ վերջական վերցրել են թագը, պարզապես, պետք է բանակցել և համաձայնության գալ։ Ես չեմ ասի` ով էր մեղավոր։ Սա մեկ հոգու բացթողում չէր։ Մեր սցենարը գրվել է շատ ուշ` վերջին օրը, երբ աշխատանքը քաոսային էր։ Մենք ժամանակ չունեցանք կենտրոնանալ կարևորագույն կետերից մեկի վրա։ Պետք է հասկանալ, որ այսպիսի մեծ միջոցառում կազմակերպելը  բարդ է և, երբեմն, լինում են խնդիրներ հովանավորների հետ։ Մեր գործընկերների մեծ մասը շատ գոհ են, սակայն եղել են նաև  բացթողումներ։ Մեզ շատ աջակցած հիմնադրամի անունը ևս չնշվեց»,– ասաց Գոհարը։

 

Անդրադառնալով Լիլիի արձագանքին` Գոհարն ասաց, որ նա շատ հանգիստ է վերաբերել այդ հարցին։ «Այդ աղջիկն այնքան հանգիստ ու հավասարակշռված է։ Նա շատ ուրախ էր իր հաղթանակի համար։ Շատ  համեստ աղջիկ է։ Որևէ աղմուկ չբարձրացրեց»,– նշեց նա։

 

 

Արարողության ժամանակ շփոթել են նաև «Վիցե Միսս Արմենիա» 4–րդի և «Վիցե Միսս Արմենիա» 2–րդի թագը։ Արդյունքում Արփինե Հարությունյանի թագը բաժին է հասել Արմինե Մանուկյանին։ Գոհարը նշեց, որ ի տարբերություն Լիլիի, Արփինեն առավոտից աղմուկ է բարձրացրել։

 

«Ես, որպես կազմակերպիչ, ասել եմ, որ 4–րդ և 5–րդ տեղերի աղջիկները թագ չեն ստանում։ Ես չէի կարող լինել և՛ ժյուրիի կազմում, և՛ հետնաբեմում։ Թե ինչպես 2–րդ տեղի թագը հայտնվեց 4–րդ տեղը զբաղեցրած աղջկա  գլխին, չգիտեմ, բայց ամեն ինչ կարող է պատահել։ «Միսս տիեզերքում» էլ են նման  բաներ եղել։ Արփինեն առավոտից մեծ աղմուկների մեջ է։ Ի տարբերություն իրեն` Լիլին շատ հանգիստ է։ Այո, թագը պետք է լիներ Արփինեի գլխին, բայց պետք չէր այդպիսի մեծ աղմուկ բարձրացնել։ Շատ տգեղ բան ստացվեց։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իր բնավորությամբ, համեստությամբ, զիջողականությամբ Լիլին շատ արժանի է այս մրցանակին»։

 

Ընթացքում եղան նաև ծրարների ուշացում։ Այս առումով հարվածի տակ հայտնվեցին հաղորդավարները, սակայն Գոհարը նկատեց, որ դա իրենց բացթողումը չէր։ Իրենց պետք է զգուշացնեին, որ տասնյակին հայտարարելու են աճպարարական համարից հետո։ «Մենք նոր էինք տեսել երեկոյան զգեստների ելույթը և գնահատում էինք։ Նոր էին հավաքել գնահատականների ցանկը։ Նախատեսվում էր, որ այդտեղ պետք է լիներ աճպարարական համար, հետո միայն հայտարարվեր տասնյակը։ Մենք հաշվարկել էինք, այդ ժամանակը բավարար էր»,– ասաց նա։

 

 

Ըստ Գոհարի` չնայած բացթողումներին շատ գեղեցիկ շոու էր ստացվել։ «Նախկինում մրցույթի շոուն նման ձևով չի եղել։ Միգուցե  իմ կարծիքը սուբյեկտիվ է, բայց նախապես նկարահանված տեսանյութերը, Հայկոյի երգի ներքո երեկոյան զգեստների  ցուցադրությունը, համարները, շատ գեղեցիկ էին։  Ավելի լավ սկսվեց, քան ավարտվեց։ Իհարկե, կային կիքսեր, բայց աղջիկները  անփորձ էին, կարող էին կաշկանդվել, սխալվել։ Լավագույն հնգյակը պետք է շեղ կանգներ, թագադրումն այդպես չլիներ, սակայն աղջիկներն այդ պահին այլ կերպ արեցին։ Իրենք չունեին մեծ փորձ։ Ամեն դեպքում, շատ մեծ աշխատանք է արվել, որը տեսնել է պետք։ Կարելի է ասել, որ թերություններ կային, բայց ասել` վա՞տ էր։ Ազգային մրցույթը բոլորին գոհացնելու համար չէ, դա նրա համար է, ներկայացուցիչ ունենք «Միսս Աշխարհում»»,– ասաց Գոհարը։

 

Անդրադառնալով Լիլիի հասցեին հնչող քննադատություններին` նա ասաց. «Մենք հրապարակել ենք «Միսս աշխարհի» մյուս մասնակիցների լուսանկարները։ Տեսեք` ինչ դեմքեր են։ Ով էլ ճանաչվեր «Միսս Արմենիա», անհնար է նման խոսակցություններ չլինեին։ Ժամանակին իմ հասցեին էլ էին հնչում նման խոսակցություններ։ Ես  պատրաստ էի սրան։ Ինչպե՞ս կարելի է չտեսնել Լիլիի գեղեցկությունը։ Ես չեմ  պատկերացնում` ինչպես կարելի է իրեն ասել գեշ։ Կարծում եմ` շատ ճիշտ ընտրություն է եղել»։

 

 

Աղբյուր