«Լիլին լողազգեստով զիջում էր մյուսներին, բայց արժանի էր հաղթանակի». Գոհար Հարությունյան

Ամիսներ առաջ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ վերականգնվեց Հայաստանում գեղեցկության ազգային մրցույթ անցկացնելու ավանդույթը։ Tert.am Life–ը ներկայացնում է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հարցազրույցը մրցույթի ավարտից հետո։

 

«Միս Արմենիան»` 17–ամյա Լիլի Սարգսյանը, ընտրվել է ժյուրիի գնահատականների հանրագումարով։ Ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը հենց նրան էլ տեսնում էր որպես հաղթողի։

 

«Քանի որ սա գեղեցկության մրցույթ է, առաջին հերթին հաշվի ենք առել գեղեցկությունը։ Իհարկե, գեղեցկուհիները պետք է լինեն նաև ինտելեկտուալ, սակայն եկեք չմոռանանք, որ սա գեղեցկության մրցույթ է։ Այս մրցույթը Հայաստանում այնքան էլ մեծ  հեղինակություն չի ունեցել և հավաքը, ի սկզբանե, դժվար է կատարվել։  Կարծում եմ` այստեղ ներկայացող աղջիկների միջև շատ օբյեկտիվ և արդար ընտրություն է եղել։ Ես ուրախ եմ, որ հաղթողը հենց Լիլին է»,– ասաց նա։

 

 

Լիլիի գեղեցկության ամենամեծ գրավականը Գոհարը համարում է բնական լինելը. «Առաջին հերթին իր դեմքի` դիմագծերի գեղեցկությունն է շատ կարևոր։ Նա բնական գեղեցկություն ունի։ Իհարկե, լողազգեստով զիջում էր մյուս մասնակիցներին, սակայն միևնույն է, իր պահվածքով, կեցվածքով, համեստությամբ համապատասխանում է այս տիտղոսին»։

 

Թեև Գոհարը նշեց, որ առաջնայինը գեղեցկությունն է, նա, որպես Լիլիի արժանիք, շեշտեց նաև մարդկային հատկանիշները։ Գեղեցկուհուն ընտրել են` հաշվի առնելով նաև, թե հետագայում որքանով հեշտ կլինի աշխատել նրա հետ։ «Իր հետ շատ հեշտ կլինի աշխատել 1 տարվա ընթացքում։ Մարդկային հատկանիշներն ավելի շատ ենք հաշվի առել, քան ինտելեկտը։ Ես շատ եմ կարևորում նաև բարոյականությունը, քանի որ ինքը միշտ կրելու է Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը։ Կարևոր է, թե ինքն իրեն ինչպես է դրսևորում հանրության  մեջ»,– ասաց Գոհարը, որը փորձում է կոտրել կարծրատիպը, թե այս ասպարեզի աղջիկներն ավելի ազատամիտ են։ Գոհարը միշտ նշում է, որ գեղեցկուհիներից շատերն ունեն օրինակելի ընտանիքներ։ Ինքը` որպես բազմազավակ մայր, ևս փորձում է դրական օրինակ ծառայել մյուսներին։

 

Լիլիի թերությունը Գոհարը համարում է կաշկանդվածությունը։ «Լիլին շատ  կաշկանդված և պարփակված է։ Նրա ժպիտը պակասում է, ինչը կաշկանդվածության հետևանք է։ Նա բնույթով մելանխոլիկ, ինտրովերտ է, բայց շատ սիրուն։ Պետք է աշխատենք նաև քայլվածքի վրա։ Մինչև «Միսս աշխարհ»» կհասցնենք շտկել թերությունները»,– կարծում է «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահը։

 

 

Անդրադառնալով աղջիկների քայլվածքին և ներկայանալիությանը` Գոհարն ասաց, որ նրանք քիչ էին ժպտում, ինքը նախապես խորհուրդ էր տվել ցույց տալ իրենց խարիզման։ «Գեղեցկության մրցույթներում այնքան կարևոր չէ, որ աղջիկները մոդելային քայլվածք ունենան։ Մասնակիցները սովորական աղջիկներ էին, որոնց համար մեծ ռիսկ էր քայլել այսպիսի բազմության առաջ։ Ինչպես տեսանք, մոդելները  հատուկ առավելություն չունեցան։ Առաջնայինը հենց արտաքին գեղեցկությունն է։ Ես բոլոր մասնակիցներին  ասել էի, որ պետք է  ժպտան, յուրաքանչյուրը ցույց տա իր խարիզման, անհատականությունը։ Գեղեցկության մրցույթներին այդքան էլ ճիշտ չէ սեքսուալ  կերպարը։ Պետք է լինի բարության, անկեղծության, անհատականության դրսևորում, սակայն ոչ ավելորդություններ։ Աղջիկները շատ քիչ էին ժպտում, իմ սպասումներն ավելի շատ էին։ Ամենագեղեցիկը, իմ կարծիքով, ներկայացավ Արմինե Մանուկյանը, որը բալետի պարուհի է և բեմում  շատ լավ էր զգում իրեն, ժպտում էր, ինչպես իրական գեղեցկուհին պետք է անի։ Մյուսները շատ ավելի կաշկանդված էին»,– կատեց նա։

 

Tert.am Life–ի դիտարկմանը, եթե լավագույնս ներկայացավ Արմինե Մանուկյանը (վերջինս «Վիցե Միսս Արմենիա» 4–րդ տեղում էր), այդ դեպքում ինչո՞ւ էր ինքը որպես հաղթող տեսնում Լիլիին։ Արդյոք սա նշանակում է, որ Գոհարը եկել էր մրցույթին` իր մտքում նախապես ունենալով հաղթողին, նա պատասխանեց. «Հաղթողի մի քանի ներկայացուցիչ կար։ Միանշանակ, մի հոգի չի եղել։ Հաղթողը ժյուրիի բոլոր անդամների գնահատականների հանրագումարով է որոշվել։

 

 

Գոհարը համաձայն է հաղթողի հետ, սակայն լիարժեք համաձայն չէ 5–յակի կազմի հետ։ «Կային նաև աղջիկներ, որոնք տասնյակում էին և հնգյակ չմտան, օրինակ, Լիանա  Ոսկերչյանը։ Ես կարծում էի, որ նա կլինի հնգյակում»,– ասաց նա։ Լավագույն տասնյակի կամ հնգյակի աղջիկներին կուղարկե՞ն միջազգային այլ մրցույթների, թե ոչ, Գոհարը չգիտի։ Անձնակազմի համար հիմա առաջնայինը հաղթողի մասնակցությունն է «Միսս աշխարհին»։ «Մեզ համար առաջնայինը «Միսս աշխարհն է»։ Եթե կարողանանք այլ մրցույթների ուղարկել աղջիկներին, կանենք։ Այս տարիների ընթացքում հայ մոդելները մասնակցել են միջազգային մրցույթների` հեղինակավոր և ոչ հեղինակավոր, այնպես որ,  դա մեր կողմից նորություն չի լինի։ Միակ նորությունը «Միսս աշխարհն» է, մեր գեղեցկուհին  20 օրից արդեն պետք է մեկնի Չինաստան»,– նշեց նա։

 

Անդրադառնալով մրցանակներին` Գոհարը նշեց, որ իրենք աշխատել են այնպես անել, որպեսզի նվերները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջև։ «Հաղթողի համար, գումարային մրցանակ, որպես այդպիսին, չկա։ Մեր հովանավորչական սպասումներն ավելին էին, բայց, քանի որ դատական պրոցեսների մեջ էինք, շատերը սպասում էին, թե ինչպիսի միջոցառում կլինի,  որքանով արդարացված կլինի, որքանով կկարողանանք բարձրացնել մրցույթի հեղինակությունը։ Թե որքանով  ստացվեց, ես գնահատել չեմ կարող։ Շատ կցանկանայի մրցանակային մեծ ֆոնդ ունենալ, սակայն մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ անգամ մրցութային ծախսերը  շատ դժվար էր փակել։ Միայն  հաղթողի թագը բավականին մեծ գումար արժեր` 2 մլն դրամ, քանի որ արծաթից է և կիսաթանկարժեք քարերով։ Կաշխատենք այնպես անել, որ թագը մնա գեղեցկուհուն։ Դա կախված է նրանից` մյուս տարի կունենա՞նք թագի հովանավոր, թե` ոչ։ Կարծում եմ` շատ ճիշտ է, երբ թագը մնում է գեղեցկուհուն»,– ասաց նա։

 

 

Աղբյուր