Ինչ խնամքի միջոցներ և կոսմետիկա են օգտագործում Հայաստանի ամենախնամված կանայք

Որքան էլ խոսեն ներաշխարհի առաջնայնության մասին, միևնույն է` կնոջ համար միշտ էլ կարևորագույնն իր արտաքին գեղեցկությունն է: Հատկապես հեռուստաէկրանին հաճախ հայտնվող կանանց դեպքում, որոնց դեմքն ու կազմվածքը, կարելի է ասել, նրանց այցեքարտն են դառնում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իրենց արտաքին տեսքը պատշաճ պահելու համար և այդ առումով ի՞նչ գաղտնի հնարքներ ունեն, որոնցով կարող են կիսվել մեր ընթերցողների հետ` հետաքրքրվեցինք մի շարք ճանաչված գեղեցկուհիներից:

Լուիզա Ղամբարյանը վստահ է` որքան էլ մասնագետներ աշխատեն քեզ վրա, որքան էլ օգտվես կոսմետիկ նորամուծություններից, միևնույն է` ներքինը շատ կարևոր դեր է խաղում. կինը պետք է հոգով գեղեցիկ լինի: Այդուհանդերձ, 37-ամյա դերասանուհին բացահայտեց ինչ-ինչ գաղտնիքներ, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: «Օրվա ընթացքում շատ ջուր եմ խմում և շաբաթվա մեջ երեք օր սպորտով զբաղվում»,- խոստովանում է նա:

Հարցին, թե մշտազբաղ լինելով հանդերձ, ինչպե՞ս է հասցնում հետևել իր տեսքին, Լուիզա Ղամբարյանը պատասխանում է. «Ես չգրված օրենք ունեմ` որքան էլ զբաղված լինեմ, օրվա մի մասը պետք է ինձ տրամադրեմ, քանի որ դերասանուհու արտաքինը կարևոր նշանակություն ունի իր գործում: Այնպես որ խնամքը կարևորում եմ նախ մասնագիտությունից ելնելով, ապա նաև, իհարկե, որպես կին»:

Միևնույն ժամանակ նշելով, որ տղամարդիկ առավել հավանում են կնոջ բնական տեսքը, Լուիզան խորհուրդ տվեց կանանց և աղջիկներին զերծ մնալ կոսմետիկական ավելորդ միջամտություններից, տարանջատել առօրյա և երեկոյան շպարը: Նաև կոչ արեց չմոռանալ հաճախել մարզասրահ և սպա կենտրոն:

Թերևս չկա մեկը, այդ թվում նաև` կին, ով, տեսնելով Գայանե Ասլամազյանին, չզմայլվի նրա գեղեցկությամբ ու կեցվածքով: Մինչդեռ 38-ամյա հաղորդավարուհին, որը նաև ֆիլմերում է նկարահանվում, խոստովանում է, որ երբևէ իրեն գեղեցկուհի չի համարել: «Գուցե տեսքս առինքնող է և ուշադրություն է գրավում, սակայն դա, ըստ իս, ավելի շուտ տարբեր բաղադրիչների խառնուրդի արդյունք է»,- համեստորեն ասում է նա:

Թերևս այդ բաղադրիչների շարքում կարելի է նշել Գայանեի բարենպաստ գեները, ինքնաբավության զգացումը և… սերը: «Սիրում եմ ինձ ամեն տարիքում,- ժպտում է նա,- սակայն առավել շատ ինձ հավանում եմ ներկայիս տարիքում, թեև հայելու մեջ արդեն կնճիռներ եմ նկատում»:

Երբ հետաքրքրվում են, թե որն է իր հմայքի գաղտնիքը, հաղորդավարուհին տարակուսում է. «Անկեղծ ասած` դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե տարեցտարի ավելացող բովանդակությունը: Ինքս էլ երբեմն նայելով լուսանկարներս` հասկանում եմ, որ անցած ուղիս ինձ ավելի հետաքրքիր է դարձրել»: Ընդսմին նա չի ժխտում, որ հեշտությամբ կարող է արժանանալ մարդկանց բարեհաճ վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է իր նախընտրած խնամքի միջոցներին, որոնք թույլ են տալիս պահպանել իր ներկայիս տեսքը, ապա Գայանեն դժվարանում է մանրամասնել: Կամ գուցե չի՞ ցանկանում… Ասում է. «Նույնիսկ իմիջային փոփոխություն վաղուց արդեն չեմ անում: Փառք Աստծո, ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս ժամանակավորապես և երկարացնել վարսերը և աչքերի ցանկացած գույն ստանալ… Իսկ մազերի գույնի առումով ես սևի նվիրյալ եմ և առհասարակ իմ ընտրած ոճի մեջ լավ եմ զգում»:

Իսկ կանանց և աղջիկներին Գայանեն խորհուրդ է տալիս, որ ավելի գնահատեն իրենց: «Կնոջ համար ամենակարևորը երջանիկ լինելն է, իսկ դա կախված է հենց իրենից»,- համոզված է գեղեցկուհին:

Մշտապես հմայիչ ու խնամված Քրիստինե Պեպելյանը գրեթե ամեն անգամ հանրային վայրեր այցելելիս բազում հաճոյախոսություններ է լսում` բոլորը նշում են հատկապես նրա դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: Միևնույն ժամանակ 34-ամյա երգչուհին ոչ պակաս հաճույքով է նկատում շրջապատի կանանց գեղեցկությունը: «Երբ որևէ բարետես կին եմ տեսնում, անպայման ասում եմ այդ մասին»,- ժպտում է նա: «Երբևէ չեմ սիրել առատ ու ճչացող շպարը, բայց չեմ էլ ողջունում, երբ կանայք առհասարակ հրաժարվում են շպարից: Համաձայն եմ` բնական տեսքն ավելի գերադասելի է, այնուամենայնիվ, աշխատանքիս բերումով ստիպված եմ հաճախ գեղեցկության սրահներ հաճախել»,- ասում է Քրիստինեն` չմանրամասնելով սակայն, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հմայքը պահպանելու համար:

Մինչդեռ երգչուհին նշում է, որ առհասարակ մարզասրահ հաճախելու կարիք չունի: Նրա հպարտության առանձին առիթ է այն, որ երբևէ կազմվածքի խնդիր չի ունեցել: «Երևի գեներիցս է: Ուտում եմ ամեն ինչ, ցանկացած ժամի ու այնքան, որքան ուզում եմ»,- ասում է նա: Ապա անկեղծանում է. «Ճիշտն ասած` ինձ համար երբեմն նույնիսկ խնդիր է դառնում քաշ չհավաքելը: Ժամանակ է լինում, երբ ինձ չափազանց նիհար չեմ հավանում ու փորձում եմ մի քիչ քաշս ավելացնել, ու դա այնքան էլ հեշտությամբ չի տրվում»:

Քրիստինեն առհասարակ չի սիրում խորհուրդներ տալ, այդ թվում նաև` գեղեցկության գաղտնիքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր շաբաթաթերթն ընթերցող կանանց հաճույքով դիմեց. «Հիշեք, որ գեղեցիկ է այն կինը, որը ոչ միայն խնամված է, այլև գնահատված, ում կյանքում ամեն բան ներդաշնակ է»:

Երգչուհի Սյուզան Մարգարյանն արտաքինը խնամելու համար գեղեցկության սրահներից առավել ապավինում է ամենօրյա հիգիենային: Վարսերի գույնը փոխում է ըստ տարվա եղանակի` ձմռանն ավելի մուգ, իսկ ամռանը նախընտրում է ոսկեգույն երանգները: Վերջերս էլ սկսել է լողավազան հաճախել: «Դրանից հետո ասես նոր ծնված լինեմ»,- խոստովանում է նա:

Երգչուհի Նառան երեկոյան և առավոտյան լվացվելուց հետո շատ է կարևորում քսուկների օգտագործումը: Երեք ամիսը մեկ գեղեցկության սրահում հատուկ 10-օրյա կուրս է անցնում` դիմակներ, մերսում և այլն: Ամենօրյա դիմակների հիմնական բաղադրիչը Մեռյալ ծովից է բերված: Գարնանից սկսած՝ հաճախ վարունգի կեղևով դիմակներ է դնում: Տնից դուրս գալուց առաջ մոտ 1 ժամ հատկացնում է իր տեսքին:

Երգչուհի Էմմին դեմքի խնամքի համար հաճախ դիմում է հատուկ կոսմետոլոգի ծառայությանը: Տանն էլ, ըստ մաշկի «թելադրանքի», օգտվում է դիմակներից: Խորհուրդ է տալիս դեղաբույսերով դեմքի շոգեբաղնիք անել: Հնարավորինս հաճախ մերսումներ է ընդունում: Երբեմն էլ արտասահմանում սոլյարի է այցելում։

 

 

Աղբյուր