‹‹7 ամսվա հղի էր, բայց էսօր ենք իմացել››. մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Լոռու մարզի Սարամեջ գյուղի իրենց զուգարանում վիժած կնոջ հղիության մասին հարևաններն իմացել են միայն երեկ, երբ ոստիկաններն այցելել են գյուղ:

ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ 24-ամյա աղջիկը մոր և եղբայրների հետ բնակվել է Ռուսաստանում և ամիսներ առաջ էր եղբոր հետ վերադարձել գյուղ: Մի քանի ամիս ապրել է Ալավերդիում, վերջին ամսում՝ գյուղում: Աղջկա հղիության մասին հարևանները իմացել են այսօր, երբ կնոջը տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել իրավապահները: 24-ամյա աղջիկը ամուսնացած չի եղել: Ապրել է եղբոր հետ, ով գյուղի հովիվն է:

Հարևանների պատմելով՝ աղջիկը դաստիարակված, համեստ անձնավորություն է եղել. «Առավոտ 6-ի կողմերը վատացավ, հորեղբոր տղան եկավ տարավ տարավ հիվանդանոց, հետո արդեն օրենքի մարդիկ եկան»,- պատմել են հարևանները: Դեպքի վայր ժամանած իրավապահները տան հետնամասում գտնվող զուգարանից դուրս են բերել իգական սեռի պտուղն ու տեղափոխել դիահերձարան:

Կատարվածի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կնոջ հղիությունը գրանցված չի եղել և, հետևաբար, չի էլ վերահսկվել: Բժշկուհին պատմեց նաև, որ երիտասարդ կինը հղիությունը թաքցրած է եղել անգամ հարազատ եղբորից:

Էդվարդ Արզումանյան
Լոռի