Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Այսօր հուլիսի13-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ մասնատված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարարական վարչության և նույն վարչության Արտաշատի հրշեջ փրկարարները:

Տեղում արդեն աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ: Ոստիականներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դիակի, որը տղամարդ է, ինքնությունը պարզելու համար: Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկական մի շարք փորձաքննությունների արդյունքների հայտնի լինելուց հետո:

Աղբյուր՝ Shamshyan.com