Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից

Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքին տված հարցազրույցում բացահայտել է ապրիլի 9-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պայմանավորվածության ձեռքբերման մանրամասները և շարժառիթը:

Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետկայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։

Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակությանհամար։

– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։

Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետՁեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքներիառկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ ՍերժՍարգսյանին։

– Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։

Դատելով էլեկտրոնային մամուլի եւ ֆեյսբուքյան արձագանքներից, հասարակություննիսկապես նկատելիորեն հուսադրվել ու դրական է գնահատել Ձեր եւ Սերժ Սարգսյանիհանդիպումը, բայց կան նաեւ, մեղմ ասած, կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում ենստվեր նետել այդ փաստի վրա։

– Դավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետեւում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարեւորը հասարակության մեծամասնության կարծիքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն


loading...

11 April, 2016 | Բեսթինֆո