Ժաննա Բուտուլյանի նիհարելու գաղտնիքը. -9 կգ

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը վերջին շրջանում բավականին նիհարել է և սլացիկ դարձել։ Tert.am Life–ի հետ զրույցում Ժաննան բացահայտել է նիհարելու իր գաղտնիքները և ներկայացրել իր բաղադրատոմսը։ Ի դեպ, հայտնիներից շատերը նման դեպքերում փորձում են թաքցնել նախկին լուսանկարները, սակայն Ժաննան ինքը տրամադրեց մի փոքր ավելի գեր ժամանակվա լուսանկարները։

 

Մասնագիտությամբ հոգեբան դերասանուհին պատմեց, որ մինչև  սերիալներում նկարահանվելն աշխատել է նիհարեցման կենտրոնում։ Հոգեբանական հնարքներն այժմ սկսել է կիրառել իր վրա։ «Մենք հոգեթերապեվտիկ մեթոդներով մարդկանց նիհարեցնում էինք։ Նիհարելու ամենակարևոր գործոնը հոգեբանական  է։ Իհարկե, պետք է նաև ռեժիմ ունենալ»,– ասաց նա ու հավելեց, որ հետևում է իր քաշին, որովհետև գիրանալու հակում ունի։

 

«Տարիների ընթացքում դիմել եմ հնդկաձավարային, սպիտակուցային և այլ դիետաների, սակայն դրանք ունենում էին կարճաժամկետ արդյունք։ Ամենակարևոր բանը, որ մարդը պետք է անի նիհարելու ժամանակ հոգեբանական է` վերաբերմունքի փոփոխությունը ուտելիքի նկատմամբ։ Սնունդը չպիտի լինի էմոցիոնալ կոմպենսացիա, երբ տխուր ես, ուրախ ես և այլն։ Կար ժամանակ, երբ ինչ-որ տեղ գնալուց առաջ ասում էի` հաց ուտեմ, որ չսովածանամ, հիմա մոտեցումս եմ փոխվել` եթե սոված էլ մնամ, աշխարհի վերջը չէ»,– ասաց Ժաննան։

 

 

Թեև Ժաննան բավականին նիհարել է և նշում է, որ այսպես իրեն ավելի լավ է զգում, խոստովանում է, որ իր քաշից երբևէ չի կոմպլեքսավորվել։ «Երբ քաշդ ընկնում է, քեզ ավելի լավ ես զգում, սակայն ես երբևէ չեմ կոմպլեքսավորվել իմ քաշից, նույնիսկ, այն փուլում, երբ ինձ համար ամենաբարձր քաշն եմ ունեցել։ Ամենաշատը ծնողներս էին ասում` գիրացել ես, նիհարիր։ Նույնիսկ սերիալում էր ինձ համար սցենար գրվում, որ չաղ եմ, սակայն ես չէի նեղվում։  Կարևոր է, որ մարդիկ իրենց ընդունեն և սիրեն այնպիսին, ինչպիսին կան։ Եթե քեզ այդպես հաճելի է, ո՞վ է ասել, որ պիտի նիհար լինես։ Միայն նիհարը չէ գեղեցիկ։ Ամբողջ աշխարհում բոյկոտ է ստանդարտների դեմ։ Պետք է կարողանաս քեզ ճիշտ մատուցել, իսկ եթե քեզ սիրում ես, կարողանում ես նաև  մատուցել։ Դա բնական ընթացք է։ Եթե քաշդ քեզ խանգարում է, հեշտությամբ կարող ես նիհարել»,– նշեց հոգեբան–դերասանուհին։

 

Ժաննան նշեց, որ ամենաբարձր քաշն ունեցել է «Դժվար ապրուստում» նկարահանվելու  ժամանակ` 65 կգ։ Դրանից հետո սկսել է խաղալ «32 թատրոնում» և որոշել է նիհարել։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ` նիհարել է 9 կգ, սակայն ոչ միանգամից։

 

«Ուսանողական տարիներին նիհար եմ եղել, հետո ինձ մոտ սկսվեց սթրեսային փուլ և սկսեցի քաշ հավաքել։ Ես դրանից չէի նեղվում, բայց երբ սկսեցի խաղալ բեմում, զգացի, որ ծանր եմ, դժվար եմ շարժվում։ Սկսեցի ոտքով գնալ փորձերի և 7–ից հետո չուտել, այն ժամանակ մոտ 2 ամսում 5 կգ քաշ կորցրեցի»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ այդ քաշը չի վերականգնել։

 

 

Նրա նիհարելն առավել ակնառու էր վերջին շրջանում, թեև այս ընթացքում 3 կգ է  կորցրել։ Ասում է` այս 3 կգ–ի հետ համառ պայքարի մեջ է` անընդհատ կորցնում է և վերականգնում։ Ներկայումս Ժաննան կշռում է 56 կգ։ Այս արդյունքին հասնելու համար պահպանել է հետևյալ կանոնները.

 

1. Ես սոված չեմ մնում։ Չի կարելի սոված մնալով նիհարել։

2. Օրս սկսում է մի մեծ բաժակ ջրով, այնուհետև նախաճաշում եմ։

3. Պահպանում եմ հստակ  ռեժիմ` 4-5 ժամը մեկ ուտում եմ՝ ըստ կարիքի։ Աշխատում եմ թեթև սնվել։ Հաճախ մթերքն ուտում եմ խաշած վիճակում և առանց իրար խառնելու։

4. Ուտում եմ միայն այն ժամանակ, երբ սոված եմ։ Շատ կարևոր է լսել մեր օրգանիզմին, ոչ թե էմոցիաներին։ Այդ դեպքում կուտենք միայն իսկապես սոված պահին և  այնքան, որ կշտանանք, ոչ թե շատ։

5. Եթե երեկոյան սոված եմ լինում, թեթև սնունդ եմ ուտում։ Սոված չեմ մնում։

6. Օրվա ընթացքում 2 լիտր ջուր եմ խմում։ Ջուրը շատ օգտակար է և՛ մաշկի, և՛ կազմվածքի, և՛ նյարդային համակարգի համար։

7. Բացի այս ամենը, ակտիվ կենսակերպ եմ պահում։ Երբ գարունը բացվում է, օրվա ընթացքում 2-3 ժամ քայլում եմ։